BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հենրի Քիսինջերը համոզում էր Թրամփին համագործակցել Ռուսաստանի հետ

Հենրի Քիսինջերը համոզում էր Թրամփին համագործակցել Ռուսաստանի հետ
28.07.2018 | 11:35

Հենրի Քիսինջերը խորհուրդ էր տալիս նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-ը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ, որ զսպի ամրացող Չինաստանին` գրում է The Daily Beast-ը: Ասավին Սուբսաենգը, Էնդրյու Դեզիդերիոն, Սեմ Ստեյնը ու Բետանի Ալեն-Էբրահիմյանը գրում են, որ The Daily Beast-ին իր 5 տեղեկացված աղբյուրները հաղորդել են` ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԽՍՀՄ-ը մեկուսացնելու համար` Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մարտավարության նշանավոր հեղինակն առաջարկել է Թրամփին համարյա թե լիովին հակառակն այդ գաղափարի` նախագահական իշխանության փոխանցման ժամանակ ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում:

Հնարավոր մարտավարության համաձայն` առավել սերտ հարաբերությունները Ռուսաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ կօգտագործվեն «օղակի մեջ առնելու» համար Չինաստանին, սահմանափակելով նրա աճող հզորությունն ու ազդեցությունը: Զրույցներից տեղյակ աղբյուրներից մեկի խոսքով` Քիսինջերն այդ գաղափարը առաջարկել է նաև Ջարեդ Քուշներին` Սպիտակ տան ավագ խորհրդականին, որ պատասխանատու է արտաքին քաղաքական հարցերի համար: ԱՄՆ վարչակազմը հակված էր առաջարկները ընդունել: Պետդեպարտամենտի, Պենտագոնի ու Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաներին նույնպես առաջարկում էին փորձել Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների մարտավարությունը` Պեկինին զսպելու համար` ասում են Սպիտակ տնից ու Կապիտոլիումից: Բայց գաղափարի հետ դժվարություններ ծագեցին ՌԴ նախագահի նկատմամբ Թրամփի կրքոտ վերաբերմունքի պատճառով, որ ներքաղաքական ասպարեզում դարձավ անվերջանալի գլխացավանքի աղբյուր: Սպիտակ տունն ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը մեկնաբանություններից ձեռնպահ են մնացել, իսկ Քիսինջերի քարտուղարությունը մեկնաբանության խնդրանքն անպատասխան է թողել: Քիսինջերին չեն համարում «անգղ» Չինաստանի առնչությամբ: Որոշակի շրջանակներում լավ հայտնի է, որ նա ուղիղ կապ ունի ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ: Նրանք հիշեցնում են, որ 2017-ից Քիսինջերը հրապարակավ ասում է, որ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որ տագնապում է Արևմուտքին, Ասիայի վրա դրական կազդի: Ճիշտ նույն կերպ Քիսինջերը ռուսաֆոբ չէ: Անցած տարիներին նա 17 անգամ հանդիպել է Պուտինին:

Քիսինջերը բազմիցս խոսել է Վաշինգտոնի ու Մոսկվայի աշխատանքային հարաբերությունների բարելավման մասին: Քիսինջերի հայեցակարգը, կարծես, սպրդել է Թրամփի Պուտինին համակրելու բացատրությունների մեջ: Թրամփի վարչակազմի նախկին աշխատակիցներից մեկը Թրամփի վերաբերմունքը Պուտինին Հելսինկիի սամմիթում անվանեց «Չինաստանում Նիքսոնի քայլի հակառակը»: «Ռուսաստանն ու Չինաստանը հակվում են միմյանց, իսկ եթե նրանք միասին են, մահացու կոմբինացիա է»` հավելել է նախկին աշխատակիցը, որ տեղեկացված է սամմիթին նախորդող ռազմավարական ծրագրերի մասին: ԱՄՆ օրենսդիրների համար, ինչպես հաճախ է լինում Թրամփի դեպքում, դժվար է հասկանալ ինչո՞վ են պայմանավորված ԱՄՆ նախագահի Ռուսաստանին սիրաշահելու փորձերը` Պեկինի աճող ազդեցության տագնապո՞վ, թե՞ Պուտինի նկատմամբ համակրանքով: Օրինակ, Հելսինկիի սամմիթից հետո մի քանի օրենսդիրներ քննադատեցին Թրամփի պահվածքը, հայտարարեցին, որ Պուտինի հետ ռազմավարական համագործակցության ցանկացած պնդում հանուն Չինաստանի դեմ պայքարի, ընդամենը դեմքը փրկելու փորձ է, որ բացատրվի նախագահի վարքագիծը: Բայց Կապիտոլիումի աղբյուրների խոսքով` դա ստիպել է օրենսդիրներին մտածել` վարչակարգը Չինաստանի առնչությամբ ինչ-որ մասշտաբային քայլ չի՞ անում: Սպիտակ տան բարձրաստիճան որոշ աշխատակիցներ կարծում են, որ Ռուսաստանն օգտակար հակակշիռ կլինի Չինաստանին: Այս տեսությունը ոչ բոլորին է գրավում: Խնդիրը միայն այն չէ, որ վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը խաղում է հիմնականում հակակառուցողական դեր ԱՄՆ-ի ու լիբերալ աշխարհակարգի այլ անդամների առնչությամբ, նրա ազդեցության լծակները Չինաստանի վրա հիմնականում հանգում են զենքին, նավթին ու կիբեռհարձակումներին: Ինչ էլ լինի, փորձագետ Հարի Կազիանիսը (Center for the National Interest) ակնհայտ է համարում, որ Թրամփի վարչակազմը Չինաստանի ուժեղացումը դիտարկում է իբրև «առաջնահերթ մարտահրավեր ազգային անվտանգությանը»:

«Ինձ համար շոկ չէ, որ վարչակազմը կարող է Ռուսաստանին համարել հնարավոր գործընկեր Չինաստանի ուժեղացումը զսպելու համար»` հավելում է նա: Փորձագետներն ասում են, որ տեսականորեն գործընկերությունը Ռուսաստանի հետ հանուն Չինաստանի դեմ պայքարի, ինչով էլ պայմանավորված լինի, պետքական է, նույնիսկ հանուն Պուտինի ու Սի Ցզինպինի գործընկերությունը ձախողելու: Բայց Քիսինջերի մարտավարությունը ռեալիստական չէ աշխարհաքաղաքականության տեսակետից: «Առավել մասշտաբային երկարատև մարտավարական սպառնալիքը բխում է Չինաստանից,-Անվտանգության Ասպենի համաժողովում ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդը:- Բայց Ռուսաստանը շատ առումերով առավել մեծ կարճաժամկետ սպառնալիք է` նաև իր միջուկային զինանոցի հսկայական կործանարար ուժը հաշվի առնելով և կառավարության որոշ պահվածքը»: «Այս պահին, երբ Ռուսաստանը փորձել է գրոհել մեր ժողովրդավարական ինստիտուտների վրա, շարունակում է իրեն պահել իբրև իզգոյ պետություն ՈՒկրաինայում ու Սիրիայում, ԱՄՆ-ՌԴ ալյանսի ձևավորումը ի հակակշիռ Չինաստանի մոտ է զրոյի,-ասել է Կազիանիսը:- Բայց ժամանակն ու հանգամանքները կարող են փոխել տեսակետներն ու սրտեր գրավել: Ես շոկ չեմ ապրի, եթե 7-10 տարի հետո դա իրոք տեղի ունենա»:
The Daily Beast


Հ.Գ. ՈՒրբաթ օրը Յոհանեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձիու քայլ է արել ի պատասխան իրեն Վաշինգտոն Սպիտակ տան հրավերի հետաձգման նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա` հայտնում է Ռոյթերզը: Պուտինն ասել է, որ ինքն ու Թրամփը պատրաստ են հետագա հանդիպումների անցկացմանը, սակայն հարմար պայմաններ պետք է լինեն: Նա կարծում է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հեռախոսազանգերը բավարար չեն՝ երկու կողմերը պետք է հանդիպեն, որ քննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի հետ միջուկային գործարքը, գլոբալ հակամարտությունները: Վլադիմիր Պուտինը նաև ասել է, թե որն է համարում Դոնալդ Թրամփի մեծ առավելությունը. «Նախագահ Թրամփի մեծ առավելությունն է, որ նա ձգտում է իրագործել իր տված խոստումները, և նախ և առաջ այն խոստումները, որոնք տվել էր իր ընտրողներին՝ ամերիկացի ժողովրդին»: Ի՞նչ կասի Հենրի Քիսինջերը այս շրջադարձի մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ